«Առկա է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համատեղ արձանագրությունը, որով նախանշված են մի շարք համատեղ ծրագրեր, որոնցից մեկն էլ վերաբերում է հանրակրթության ոլորտում մեր համագործակցությանը»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։
Նախարարի խոսքով՝ այդ համագործակցությունը մի քանի ուղղություն է ենթադրում, որից մեկն էլ դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումն է. «Այստեղ մենք խոսում ենք թե ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի, թե ուսումնական ծրագրերի որակի բարելավման մասին»։
Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև հանրակրթական ծրագրերի մասին՝ շեշտելով, որ մեկը Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթության իրավունքի ապահովումն է. «Մեր 46 դպրոցներում գործում են ռուսերենով ուսուցման դասարաններ, որոնք մեր չափորոշիչներով են գործում։ Առարկաների ուսուցումն իրականացվում է ռուսերենով, ավելի քան 6000 երեխա է սովորում այդ դասարաններում, և կարևոր է, որ այդ երեխաները ՀՀ քաղաքացիներ չեն, այլ օտարերկրացի կամ երկքաղաքացի ծնողների երեխաներ»։
Անդրեասյանը նշեց, որ բոլոր այն դեպքերում, երբ կա կարիք, ընդլայնում են հնարավորությունները. «Ձեզ կարող եմ բերել Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցի օրինակը, որ քաղաքի միակ դպրոցն էր, որն ուներ ռուսերենով ուսուցման դասարաններ։ Այստեղ 125-ով ավել էին երեխաները, կար պահանջարկ, և մենք նախորդ աշնանը Վանաձորի ևս մեկ դպրոցի ռուսերեն ուսուցմամբ դասարաններ ունենալու հնարավորություն տվեցինք»։
Ըստ նախարարի՝ մյուս ուղղությունը, որ համատեղ հանրակրթական ծրագիր է, կարող է իրականացվել հայկական օրենսդրության շրջանակներում։ Նա օրինակ բերեց նաև հայ-չինական դպրոցը, որ հայկական դպրոց է, և որտեղ հնարավոր է լեզվի խորացված ուսուցում, նաև՝ լեզվի զարգացման հավելյալ հնարավորություններ։