Հասարակություն

«Ինչո՞ւ է նվազեցվում ծխախոտի ակցիզային հարկի աճի տեմպը». Արսեն Թորոսյանը՝ փոխնախարարին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվել է, թե ինչու է նվազեցնում ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հարկի աճի տեմպը։

«Այս հանգամանքը կիրառելի է սպիրտային խմիչքների դեպքում։ Երբ նայում եմ Ձեր հիմնավորումը, որ կիրառելի չէ ծխախոտի դեպքում, օրինակ՝ ՌԴ-ի և Բելառուսի հետ համեմատ այնքան էլ բարվոք վիճակում չենք, և անհասկանալի է՝ ինչու ենք վերցրել մյուս՝ ավելի ցածր երկրները»,- ասել է նա։

Թորոսյանը նաև հարցրել է, թե ինչու են շարունակում տարբերակված մոտեցում կիրառել էլեկտրոնային սիգարետների գլանակների նկատմամբ՝ պետության կողմից փաստացի սուբսիդավորելով կամ խրախուսելով դրանց կիրառումը, այն դեպքում, երբ դրանք իրենց վնասակարությամբ չեն տարբերվում սովորական ծխախոտից:

Պողոսյանն էլ առաջարկել է համեմատել ներկայիս կամ առաջիկա երեք տարվա համար առաջարկվող 10% դրույքաչափին համարժեք աճի բացարձակ մեծությունները. «Առաջիկա երեք տարիների 10%-ները շատ ավելին են, քան նախորդ տարիների 15%-ները՝ բացարձակ արտահայտությամբ»։

Ըստ նրա՝ ակցիզային հարկը բարձրացվում է միջինը 120%-ով։