Հաճախ ենք խոսում ազգային անվտանգությանը վերաբերող տարբեր հարցերի մասին, բայց երբեմն չենք ուզում տեսնել պատճառահետևանքային կապերը,- հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով, թե՛ ալկոհոլի և թե՛ ծխախոտի չարաշահումները ուղիղ իմաստով ազգային անվտանգության սպառնալիք են՝ մահերի թվի պատճառով. «Մենք ունենում ենք տարեկան շուրջ 5500 մահ՝ միայն ծխախոտից առաջացած հիվանդություններից, ինչպես նաև մենք էլի չենք ուզում տեսնել կապը, բայց ծխախոտի և ալկոհոլի կանոնավոր օգտագործումը մեր դեռահասների շրջանում նպաստավոր գործոն է ավելի ծանր կախվածություն առաջացնող այլ միջոցների օգտագործմանն արագ անցնելու համար, և ես ցանկանում եմ, որ հարցին նայենք նաև այս տեսանկյունից»,- ասել է նա։
Ըստ Թորոսյանի, ծխախոտ օգտագործողը հեշտությամբ օգտագործում է մարիխուանա, իսկ սա օգտագործողը՝ հեշտությամբ այլ՝ ավելի ծանր թմրամիջոցներ. «Ալկոհոլի ազդեցության տակ դեռահասների շրջանում թմրամիջոցների օգտագործումը շատ ավելի շատ է, և ես ուզում եմ, որ մենք բարձրացնենք խնդրի լրջության ընկալման մակարդակը։ Ծխախոտի և ալկոհոլի դեմ պայքարի ամենաուժեղ գործիքներից մեկը ապացուցված է, որ գինն է, ինչի վրա պետությունը կարող է ազդել իր հարկային քաղաքականությամբ և ակցիզային հարկը իր բնույթով այդպիսինն է: Կարծում եմ պետք է հարցին նայել այս տեսանկյունից»։
Թորոսյանը տեղեկացրել է, որ օրինագծի՝ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում կներկայացնի գրավոր առաջարկներ. «Հույս ունեմ էլի կունենանք շահագրգիռ քննարկում և հատկապես էլեկտրոնային ծխախոտի արտոնյալ դիրքի վերաբերյալ, քանի որ ես այնուամենայնիվ կարծում եմ, որ սա ուղիղ սուբսիդավորում է այդ ապրանքատեսակների օգտագործմանը և ոչ թե պարզապես հարկային քաղաքականություն»,- ասել է նա։