Հունիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում բախվել են 25-ամյա Էրիկ Մխիթարյանի վարած Nissan Tida մակնիշի և 43-ամյա Դավիթ Մուղսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan,com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող գազի բաշխիչ կայանին՝ կոտրելով այն ու գազախողովակները:
Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության, «Տրանսգազ» ընկերության և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, քանի որ սկսվել է նաև գազի արտահոսք: Մասնագետները գազազրկել են տարածքը և այդ պահին արդեն սկսվել է «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների կողմից աշխատանքներ վթարը վերականգնելու ուղղությամբ, այն կտևի 2 օրից ավելի, այդ ընթացքում որոշ հատվածներ կզրկվեն գազամատակարարումից:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճանի: Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: