Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երեկ Ս․Թ․-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտե մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից։
«Քրեադատավարական իրավակարգավորումներով նշված հոդվածով կալանքը որպես խափանման միջոց չի կարող կիրառվել։ Անձը արգելանքից ազատ է արձակվել»,- հայտնեց Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ 2023 թ. հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․ Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Հայկ Մագոյան