Հասարակություն

Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ շնորհակալություն հայտնելով պարոն Մոլինեուսին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է վերջին տարիներին Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարևոր արդյունքներին։

Շնորհավորելով Ռոլանդ Փրայսին նշանակման առթիվ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ընթացիկ ծրագրերն արդյունավետ իրականացնելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր նախաձեռնություններն առաջ մղելու համար։

Սեբաստիան Մոլինեուսը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն էներգետիկայի, կրթության, սոցիալական պաշտպանության, առողջապահության և մի շարք այլ ուղղություններով։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային նորանշանակ տնօրենը վստահեցրել է, որ Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին՝ առաջիկա տարիներին իր բարեփոխումների օրակարգն իրականացնելու գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ Կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: