Հասարակություն

«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

«Այսօր շատ լրատվամիջոցներ, հղում անելով ինձ, նշել են, որ 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտը կվաճառվի սպիտակ տուփերով: Իրականում, դա ոչ թե նորություն է, այլ հիշեցում, որ 2020 թվականին ընդունված օրենսդրական փաթեթում, ի թիվս այլ սահմանափակումների (ծխելու արգելք՝ հանրային սննդի վայրերում, ցուցադրության արգելք և այլն), կա նաև, այսպես կոչված, պարզ փաթեթավորման պահանջը:

Դա նշանակում է, որ բոլոր տուփերը պետք է լինեն նույնատիպ, նույն գույնի տուփերով՝ առանց տարբերանշանների, լոգոյի և դիզայնի այլ էլեմենտների: Այս դրույթի ուժի մեջ մտնելու ժամկետը 2024 թվականի հունվարի 1-ն է: Իսկ ինչու եմ այդ մասին հիշեցրել հանձնաժողովի այսօրվա նիստում:

Խնդիրն այն է, որ ծխախոտի փաթեթավորման և մակնշման մեր պահանջները չեն կարող տարբերվել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերից: Իսկ ըստ այդ կանոնակարգի, ծխախոտը պետք է վաճառվի ծխելու հետևանքով տարբեր հիվանդություններ պատկերող նկարներով:

2020 թվականին, երբ այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնում էր օրենքը, մենք հարցրեցինք՝ իսկ 2024 թվականին հակասություն չի՞ առաջանալու ԵԱՏՄ-ի հետ: Հարցին ի պատասխան՝ նշվել է, որ մինչ այդ պետք է փորձենք համոզել ԵԱՏՄ գործընկերներին, որ կանոնակարգերը համապատասխանեցնեն մեզ:

Այս դրույթի ուժի մեջ մտնելուն մնացել է 7 ամիս, և հավանականությունը, որ ԵԱՏՄ-ն իր տեխնիկական կանոնակարգը կփոխի, շատ ցածր է: Դրա համար, այսօր արդեն մեր գործընկեր պատգամավոր Արսեն Թորոսյանին, հիշեցնելով այս մասին, հարցրել եմ՝ ի՞նչ է լինելու հունվարի 1-ից հետո:

Արդյո՞ք պետք է մեր ընդունած օրենքը փոխենք, թե պետք է ընդունենք ԵԱՏՄ-ի պայմանները: Թե՞ այլ բան պետք է անենք: Իսկ սա կարևոր հարց է, որովհետև ծխախոտ արտադրող և ներմուծող ընկերություններին կանխատեսելիություն և հստակություն է պետք: Տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, և մարդիկ պետք է իմանան ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Թունյանն այսօր հայտարարել էր, որ 2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է պատկերված լինի։