Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է հայտնել իրեն առևանգելու դեպքից։
Հարցին, թե ինչո՞ւ է որոշել մոտենալ դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների ծնողներին, նա ասել է. «Ես չեմ մոտեցել ծնողներին, իրենք են ինձ մոտեցել։ Ես ինձ համար քայլում էի, զբոսնում էի, զբոսնում էի այնպես, ինչպես ամեն օր անում եմ»։
Աշոտ Փաշինյանը վստահեցրել է, որ ծնողներից շատերի հետ շփվել է նախկինում. «Ու կարող եմ ասել, որ շատ փոխադարձ հարգանք է եղել։ Ոչ, տիկին Գայանեի հետ չէի շփվել, բայց նորից եմ ասում, որ ծնողներից մի քանիսի հետ շփում եղել է։ Քանի որ միշտ փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով ես չէի պատկերացնում, որ կարող է նման միջադեպ տեղի ունենալ։ Ես չեմ կարող ասել, թե ինչ կարող էր տեղի ունենալ Եռաբլուրում։ Դուք ինձ հիմա այդ հարցն եք տալիս, բայց ես դրա մասին հայտարարություն ընդհանրապես չեմ արել ու չեմ էլ անում»,- ասել է նա՝ լրագրողի հարցին ի պատասխան։