ՀՀ վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով դատական նիստերը տեղի կունենան դռնփակ։
Պաշտպանական կողմին նիստից առաջ թույլ չէին տալիս մտնել դատարան։ Դատարանի կարգադրիչը Փաշինյանին առևանգելու մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանի պաշտպաններին հայտնել է, որ դատարանի կազմը նիստը դռնփակ անցկացնելու որոշում ունի։
Ավելի ուշ փաստաբաններին ներս են թողել դատարանի դահլիճ, սակայն լրագրողները նիստին ներկա չեն լինի։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանն այս կապակցությամբ հայտնել է, որ իրենք որպես պաշտպանական կողմ դռնփակ անցկացնելու միջնորդություն չեն ներկայացրել. «Դռնփակ նիստ անցկացնոլու որոշումը որտեղի՞ց է առաջացել դատարանի մոտ։ Երեք փաստաբանով նման միջնորդություն չենք ներկայացրել, մեզ համար դա նունպես անակնկալ էր, մենք նման միջնորդությամբ հանդես չենք եկել։ Այսօր մենք պատրաստել էինք ինքնաբացարկի միջնորդություն, ունեինք ևս 3 միջնորդություն»,– դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ ասել է նա։