Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է ստացվել։ Ահազանգողն, առանց հստակ ինչ-որ բան ասելու, շնչակտուր, անհասկանալի արտահայտություններ է արել։
Օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողը հեռախոսի մյուս կողմում լսել է կնոջ և երկու տղամարդու վիճաբանության, բղավոցի ձայներ։ Այդ խոսակցության ժամանակ լսում է, որ տղամարդկանցից մեկն ասում է, որ մյուսի մոտ նռնակ կա, ապա հեռախոսազանգն ընդհատվում է։
Օպերատիվ կառավարման կենտրոնից հետադարձ զանգին բղավոցով պատասխանում է մի կին և հայտնում, որ թյուրիմացություն է, երեխան պատահաբար է զանգահարել, դա չի համապատասխանում իրականությանը։
Ոստիկանները պարզում են, որ ահազանգը եղել է Լեռնակերտ գյուղի բնակիչ Կառլեն Մ․-ի տանից։ Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ 40-ամյա Կառլեն Մ․-ն և 45-ամյա Արտյոմ Մ․-ն հաճախակի վիճաբանություն են ունենում ընտանիքում, ծեծում, բռնություն կիրառում, երբեմն էլ սպառնում են, որ նռնակով կպայթեցնեն։ Եվ երեկ, ժամը 20։00-ի սահմաններում Արտյոմ Մ․-ն, 2 նռնակը ձեռքին, գինովցած մտել է տուն, ծեծի ենթարկել ընտանիքի անդամներին և սպառնացել, որ նռնակով կպայթեցնի ու կսպանի նրանց։ Ապա հոր՝ Կառլեն Մ․-ի և եղբոր՝ Աբրամ Մ․-ի դիմադրությանը հանդիպելով՝ դուրս է եկել տնից։
Ըստ shamshyan.com-ի՝ ոստիկաններն ու քննիչները սկսում են գործողություններ կատարել և այգում՝ խոտերի մեջ, հայտնաբերում կասկածելի պոլիէթիլենային տոպրակ։ Արդեն զննությամբ տոպրակում հայտնաբերվում է 2 հատ «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչներով։
Այնուհետ ոստիկանների ու քննիչների բացատրական աշխատանքն իր արդյունքն է տալիս։ Կառլեն Մ․-ն առանձնատնից քիչ հեռավորության վրա գտնվող կիսաքանդ շինությունում առկա մեղվափեթակի արկղի միջից ոստիկաններին և քննիչներին է ներկայացնում 1 հատ 4 լիտրանոց տարա, որի մեջա առկա է լինում 181 գրամ մաքուր քաշով դեղնականաչավուն, կանեփանման, մանրացված զանգված, և 1 հատ 3 լիտրանոց տարա, որի մեջ էլ դեղնականաչավուն հեղուկ էր։ Հայտնաբերվում են նաև ծխելու համար նախատեսված կանեփի զանգված, տարբեր չափերի պլաստմասսե շշեր և 1 հատ ներարկիչ։