«2020թ. հունվարի 1-ից էլեկտրոնային ծխախոտն առաջին անգամ հարկելու ժամանակ շատ լավ հիշում եմ՝ սա ոնց է ընդունվել։ 8800 դրամ է նախատեսվում, սակայն ինձ համար մինչ օրս անհասկանալի պատճառով մեկ գիշերում դարձավ 2000 դրամ»,- տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին ուղղված իր հարցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանի դիտարկմանը, թե ինքն այն ժամանակ կառավարությունում է աշխատել, նախկին նախարար Թորոսյանն ասաց. «Այո, ես կառավարությունում դեմ եմ քվեարկել որոշմանը, բավական թեժ բանավեճ է եղել, որովհետև մեկ գիշերում կառավարության նիստ բերվեց ուրիշ նախագիծ»։
Ըստ նրա՝ այն ժամանակ պայմանավորվածություն է եղել, որ հարկման շեմն աստիճանաբար է բարձրանալու. «Նոր նախագծով ոչ միայն չի հավասարվում, նաև, այս դեպքում, անկում է արձանագրված աճի տեմպում»։
Նա շեշտեց, որ էլեկտրոնային սիգարետն իր վնասակարությամբ ոչնչով չի տարբերվում հասարակ ծխախոտից. «Ինչո՞ւ ենք խրախուսում այդ արտադրատեսակի սպառումը»,- հարցրեց նա։
Փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, թե իրենց դիտարկումներով էլեկտրոնային ծխախոտի սպառման ծավալները ՀՀ-ում սկզբում ավելացել են, հետո կայունացել. «Որ ընդլայնվի, դա մեզ համար էլ է սպառնալիք»։