Հասարակություն

Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Գործադիրը որոշել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, հաստիքային կազմի օպտիմալիզացում իրականացնելու և կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրինացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ հիմնավորման՝ ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմինները ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյութական բազա (ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ), ապահովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո:

Կառավարությունը թույլատրել է «Քվանտ» վարժարանին 2023/2024 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-րդ և 12-րդ դասարաններում իրականացնել «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրը` անգլերեն, 3 տարի ժամկետով: Ըստ հիմնավորման՝ ««Քվանտ» վարժարանի կողմից «Միջազգային բակալավրիատի Դիպլոմա» (IB DP Programme) ծրագիրն իրականացվում է 2011 թ. ր այդ ընթացքում վարժարանը տվել է ՄԲ ծրագրով կրթություն ստացած 151 շրջանավարտ։ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով վարժարանում կրթություն են ստացել տարբեր երկրների շուրջ 40 քաղաքացիներ՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն, Լիբանանի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և այլն: