Հասարակություն

«Հայաստանն առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման առումով ժամանակ է կորցրել». Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջության պարտադիր ապահովագրության համակարգին։

Նրա խոսքով՝ ապահովագրական փաթեթն իր մեջ ներառում է ոչ միայն թարմացված առաջնային օղակի՝ պոլիկլինիկաների և ամբուլատորիաների ծառայություններ, այլև հիվանդանոցային թանկարժեք վիրահատություններ ու բուժական միջամտություններ. «Մի քանի անգամ նշել եմ, հիմա էլ շեշտում եմ՝ պետությունը միջին աշխատավարձից ցածր ստացող քաղաքացիների համար ունենալու է սուբսիդավորման ճկուն և կարևոր օժանդակ ծրագրեր»,- ասաց նա։

Ըստ Ավանեսյանի՝ ամսական 10 հազար դրամ վճարելու դեպքում քաղաքացին, օրինակ, 4,5-5 մլն դրամ արժողության սրտի բաց վիրահատության կարիք ունենալու դեպքում որևէ բան չի վճարի. «Այսօր բազմաթիվ դիմումներ կան, երբ 35-40 տարեկան մարդիկ ընկել են հիվանդանոց, պետք է վճարեն 4-5 մլն դրամ և դժվարության առաջ են կանգնած։ Ամսական փոքր գումար վճարելով՝ քեզ զերծ ես պահում աղետալի ծախսերից․ սա է լուծումը։ Մեր երկիրը ռեֆորմների առումով, կարելի է ասել, ժամանակ է կորցրել. տարիներ ի վեր պետք է ընդունված լիներ այս համակարգը»։

Հարցին, թե պոլիկլինիկաներն իրե՞նք են ուղղորդելու քաղաքացիներին, բժի՞շկն է որոշելու՝ ապահովագրության փաթեթի շրջանակներում դիմելու անհրաժեշտություն կա, նախարարը մանրամասնել է. «Այսօր էլ է այդպես։ Պետական պատվերի շրջանակներում, եթե դեպքն անհետաձգելի բժշկական օգնություն չէ, այո, պլանային բժշկական միջամտությունը պետք է իրականացվի պոլիկլինիկայի, թերապևտի ուղեգրման հիմքով։ Սա ոսկե կանոն է այլ երկրներում ևս։ Պետք է հասկանալ, որ մարդը պետք է ունենա բժշկական օգնություն ստանալու ճիշտ ուղի»։