Հասարակություն

«Հոգեսոցիալական աջակցությունը պետք է լինի երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում»․ Անահիտ Ավանեսյան

«Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը ոչ միայն պետք է լինեն աղետների պատրաստվածության և արտակարգ իրավիճակների արձագանքման մեր անբաժանելի մասը, այլև դրանք պետք է մեր երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմքում լինեն»,- Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի տարածաշրջանային համաժողովի բացմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Համաժողովին մասնակցելու համար աշխարհի 19 երկրից Երևան են ժամանել ոլորտի փորձառու մասնագետներ: Անդրադառնալով 1988 թվականին Հայաստանին պատուհասած երկրաշարժին` նախարարը հատկանշել է այդ օրերին Հայաստան հասած մասնագետների փորձը, նոր տեխնոլոգիաները, նոր դեղամիջոցներն ու նոր համակարգային մոտեցումներն ու ընդգծել, որ դրանք մեծ ազդեցություն են ունեցել մեր երկրի առողջապահական համակարգի, մասնավորապես` հոգեբուժական առողջության հետագա զարգացման վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է 40-ից ավելի կազմակերպությունների «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որոնց անդամների միջև կնքվել է գործակցության հուշագիր: Կոալիցիայի նպատակը COVID-19 համավարակով և հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված` մարտահրավերներին դիմակայելն է և հոգեկան առողջության ծառայություններն առողջության առաջնային պահպանման օղակում ինտեգրելը: