Հասարակություն

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանության է արժանացրել Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը՝ ներառելով այն առաջիկա նիստերի օրակարգում։ 

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման և արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները: 

Ըստ նրա, համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչու 4 տարի անց են որոշել վավերացնել համաձայնագիրը, եթե Հայաստանի համար կարևոր է Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Արման Սարգսյանը շեշտեց, որ Չեխիայի խորհրդարանն այս տարի է դրական եզրակացությամբ ընդունել օրինագիծը և դա պայմանավորված է եղել Covid-ի համավարակով, իսկ Հայաստանում՝ նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմով։