Հասարակություն

«Ջրային պաշարի վիճակը լավ չի, ստիպված ենք Սևանա լճից ջուր բաց թողնել ոռոգման համար». Սիմիդյան

Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն, անդրադառնալով Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդրին, ասաց, որ այն ոչ միայն շրջակա միջավայրի նախարարության, այլև բոլորիս գլխավոր խնդիրն է։  

Սիմիդյանի խոսքով՝ ՏԿԵՆ-ի և մարզպետների հետ ակտիվ աշխատում են այս ուղղությամբ, և քանի որ այս պահին ջրային պաշարի վիճակը լավ չէ, ստիպված են Սևանա լճից ջուր բաց թողնել ոռոգման համար։

«Այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ սկսած այն բանից, թե սակավաջրի ժամանակ ինչ ռեժիմ է ենթադրվում, վերջացրած նրանից, թե որտեղ է հնարավոր այլընտրանքային ջրային պաշարներ գտնել ոռոգման համար»,- հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ այս ուղղությամբ էլ են ՏԿԵՆ-ի հետ աշխատում, որպեսզի Սևանա լճի վրա բեռը քիչ լինի։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնեց, որ, ցավոք, այս տարի էլ Սևանը կկանաչի։