Օրերս «Հրապարակ» օրաթերթը «Ռուսաստանի թշնամիների» ցանկ էր հրապարակել` մի խումբ գործիչների և ԶԼՄ-ների անուններով, որտեղ, ի թիվս «Ազատություն», «Civilnet» և այլ լրատվականների, հայտնվել էր նաև Radar Armenia-ն։ Անկախ նրանից` այդ ցանկի իրական հեղինակն ո՞վ է, իրապե՞ս արտահոսել է ռուսական իշխանություններից, թե՞ ոչ, հարկ ենք համարում արձագանքել.
1) Radar Armenia-ն մերժում է որևիցե տեսակի արտաքին կողմնորոշում` դա համարելով ոչ միայն անհեթեթ, այլև անբարո։ Radar Armenia-ի համար առաջնայինը ՀՀ պետական շահն է, պետությունը, նրա անվտանգությունն ու բարեկեցությունը։ Յուրաքանչյուր դիրքավորում կամ «կողմնորոշում», որ հակոտնյա է սրան, մեզ համար մերժելի է։
2) Radar Armenia-ն ազատ խոսքի հարթակ է, որտեղ հոդվածները, հեղինակային վերլուծությունները, հասարակական-քաղաքական գործիչների հարցազրույցները և գրառումները չեն գրախոսվում, քաղաքական ցենզուրայի չեն ենթարկվում, չեն արգելվում` անգամ խմբագրության սուբյեկտիվ կարծիքին չհամընկնելու պարագայում։
3) Radar Armenia-ն բալանսավորված լուսաբանում է իրականացրել ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր` խտրություն չդնելով ՌԴ և արևմտյան պաշտոնյաների հայտարարությունների միջև և իր ընթերցողին, առանց իմաստային խեղումների ու դեզինֆորմացիաների, ներկայացնելով դրանցից կարևորները։ Յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքի իրավունք ցանկացած իրադարձության վերաբերյալ և դրա նկատմամբ որևէ ոտնձգություն, ճնշում կամ պարտադրանք, անթույլատրելի է։
4) Հորդորում ենք լրագրողական համայնքի մեր գործընկերներին զերծ մնալ միմյանց վարկաբեկող, պիտակավորող հրապարակումներից` նախ ելակետում ունենալով ներհամայնքային համերաշխության, էթիկայի ու գործընկերային հարաբերությունների բնույթը, ինչպես նաև պարզ ըմբռնումը, որ որևէ ԶԼՄ-ում հրապարակված ինչ-որ քննադատական և գովեստի խոսքերը ամենևին էլ տվյալ լրատվամիջոցի «կողմնորոշման» ցուցիչ չեն: Այդ տրամաբանությամբ` ցանկացած լրատվամիջոց գզրոցներից սպրդած որևէ ցանկի հիման վրա կարող է հռչակվել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի թշնամի կամ արբանյակ` դրանից բխող հետևանքներով։