Հասարակություն

Նվազել են մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը. նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, թե կառավարության քաղաքականության արդյունքում նվազել են մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը։ 

«Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը, և մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։ Այս քաղաքականության փոփոխության արդյունքում ունենք մեկ անձից գնումների նվազում։ Հաշվի առնելով այն պատասխանատվությունը, որ կոնկրետ ղեկավարը կրում է ամեն մի որոշում կայացնելու համար` այստեղ տեսնում ենք ներքին կարգերի վերահսկողության ավելի ուժեղացում»,- ասել է նա։ 

Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ մրցակցային ընթացակարգերով կատարվող գնումների ծավալը 2022 թվականին եղել է 49,1 տոկոս այն դեպքում, որ ելակետային ցուցանիշը 34,4 տոկոս էր, իսկ թիրախային ցուցանիշը, որին պետք է հասնեին 2024 թվականին, եղել է 47 տոկոս. «Պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք ոչ մրցակցային գնումների մասին, այստեղ մի մեծ  զանգված է այնպիսի ծառայությունների գնումը, որոնք ունեն մեկ մատակարար, օրինակ՝ ջուր, գազ, էլեկտրաէներգիա և այլն»։