Հասարակություն

Նախարարը մեկնաբանել է, թե տարվա կեսին ինչու է հավելյալ ֆինանսական միջոցներ ստանալու անհրաժեշտություն առաջացել

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, թե ինչու է տարվա կեսին անհրաժեշտություն առաջանում հավելյալ միջոցներ հատկացնել պետպատվերով սպասարկվող բուժօգնության ծավալների մեջ։

Ըստ Ավանեսյանի՝ նախարարության կողմից պլանավորված և կատարողական ցուցիչների վրա հաշվարկված հայտերը մշտապես ավելին են լինում, ինչը գնահատելի է․ «Իհարկե, հասկանում ենք, որ մեր ուզած ֆինանսների ծավալը, որ պետք է բավարարեր անհրաժեշտ պահանջարկը, դեռ չենք կարող հատկացնել, և բոլոր ջանքերն ուղղում ենք՝ հասնելու ֆինանսավորման ցանկալի չափին։ Բայց ոչ միայն ֆինանսավորման մասով ենք աշխատանքներ տանում, այլև՝ տրամաբանության փոփոխության»,- ասել է նախարարը՝ հիշատակելով պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը։

Ըստ նրա՝ հայեցակարգն ընդունվել է, և առաջիկայում ԱԺ կգա օրենսդրական փաթեթը։ ԱՆ-ն 2022թ. համար ներկայացրել է ընդհանուր 157 մլրդ դրամի հայտ, բայց քննարկումների արդյունքում բյուջեն հաստատվել է 2021թ. փաստացի կատարողականից 10 մլրդ դրամ պակասով. «Պայմանավորվածություն կար, որ տարվա ընթացքում կլինեն վերաբաշխումներ, և մեր պահանջարկի՝ գոնե հաստատված շրջանակը կառավարությունը հանձն է առնում ապահովել, ու դա արվեց․ ունեցանք ամբողջ տարվա համար հավելյալ ֆինանսական միջոցներ»։

Նա ասաց, որ 2022-ին դեռ շարունակվել են քովիդի ծախսերը՝ հիմնականում պետական պահուստից. «Դժվար էր կանխատեսել, թե ինչ տարեկան ծախս կունենանք քովիդի պատճառով։ 2023-ին արդեն բավական նվազ տեմպերով ենք մտել տարի, և նախնական գնահատողական հաշվարկի հիման վրա գումարները պակասեցվեցին»։

Ըստ նրա՝ եթե ինչ-որ բան փոփոխվի, կառավարությունը հավելյալ ֆինանսական միջոցներ հատկացնելու ուղղությամբ միջոցներ կձեռնարկի, ինչպես մինչ այդ է արվել։