Հասարակություն

Սահմանվել է ոստիկանության ատեստավորման կարգը

Կառավարությունը սահմանեց ոստիկանության ատեստավորման կարգն ու հավելավճարի չափը։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ ատեստավորման սուբյեկտ են լինելու թե փոխոստիկանապետերը, թե մյուս ծառայողները։ Ատեստավորումները կիրականացվեն երեք փուլով. «Առաջին փուլն ընդհանուր բաժնի թեստավորումն է, որն իրենից ներկայացնելու է ծառայողների ընդհանուր զարգացածության ստուգում։ Երկրորդ՝ ստուգարքի փուլով կստուգվեն ֆիզիկական և մարտական պատրաստվածության մասով համապատասխան գիտելիքներն ու կարողությունները, երրորդը մասնագիտական թեստավորումն է, որ բուն մասնագիտական կարողություններին է վերաբերելու»։

Ըստ Սարգսյանի՝ ատեստավորումն իրականացվելու է թեստավորման միջոցով. «Գերազանց կարող է ստանալ, եթե 45-50 հարցադրմանը ճիշտ է պատասխանել, լավ, եթե 35-44, բավարար, եթե 26-34, այսինքն՝ կեսից ավելին»,- նշեց նա։

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ սահմանվել են չափորոշիչներ, որոնցով որոշվելու է՝ մարդը պե՞տք է մասնակցի ատեստավորմանը, թե՞ ոչ. «Դրանք հիմնականում երկու խոշոր կրիտերիաներ են՝ թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործմանն առնչվող»։

Ըստ նրա՝ երկրորդ կարևոր գործոնը ֆինանսական դիսցիպլինային է վերաբերում. «Եթե մեր ծառայողն ունի 20 մլն և ավել դրամի վարկ և, դրա շրջանակներում, 91 օր և ավել ժամկետանց վարկային պարտավորություն, այս դեպքում ևս չի թույլատրվի մասնակցել ատեստավորմանը»։