Կառավարությունը հաստատեց միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին որոշումը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ այսպես կարգավորվում է, թե հարկ վճարողի միասնական հաշվից որ դեպքերում կարող է իր հարկային մարմնում բանկային հաշվից տարբերվող հաշվին գումար փոխանցել։ Ըստ նրա՝ նախկինում հարկ վճարողը կարող էր ցանկացած այլ բանկային հաշիվ նշել, որ միասնական հաշվից գումարի փոխանցում կատարի, և դա բերել էր խարդախությունների մի շարք դեպքերի։
Այս փոփոխությամբ սահմանվում է, թե որ դեպքերում հարկ վճարողն իրավունք ունի հարկային մարմին ներկայացրած բանկային հաշվից տարբերվող հաշվի փոխանցել. «Դա վերակազմակերպման դեպքերն են, երբ իրավահաջորդի բանկային հաշվին կարող են փոխանցել, լուծարման դեպքում կազմակերպության մասնակիցների, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում կարգավիճակը կորցնելուց հետո ֆիզիկական հաշվին, ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների դեպքում՝ համապատասխան գանձապետական հաշվին»,- ասաց Բադասյանը՝ շեշտելով, որ ժամկետ է սահմանվել, որ ծառայությունը գործի։