Կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից հանել հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքն ու հանձնել ԿԳՄՍ նախարարությանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ տարածքը պետք է ծառայեցվի հավաքական թիմերի մարզումներին. «Մարզահամալիրը մեծ հնարավորություններ է ընձեռնում, ունի ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 մ²: Դահլիճներից մեկի բարձրությունն 9 մետր է, ինչը հնարավորություն է տալիս այդտեղ իրականացնել ամենատարբեր սպորտաձևերի մարզումներ ու մրցաշարեր»։
Նրա խոսքով՝ կառույցում կգործի նաև բուժվերականգնողական կենտրոն:
Անդրեասյանը հայտնեց նաև, որ նախորդ տարի Հայաստանը ռեկորդային թվով մեդալներ է ունեցել. «Այս տեմպը պահանջում է նոր ենթակառուցվածքներ։ Այս պահին 12 մարզադպրոց և մարզական համալիր գտնվում են կառուցման ու վերակառուցման ընթացքում»,- նշեց նա։