«Մեր ընթացակարգերը վերանայման կարիք ունեն, և շինարարության ոլորտի մեր ծրագրերում էական, որակական փոփոխության կարիք կա»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ԱԺ-ում խոսելով դպրոցաշինության ծրագրերի մասին։
Ըստ նրա՝ պետք է փոխվի նաև մարդկանց մոտեցումը. «Ես չեմ հասկանում այն շինարարին, որ մտնում է դպրոց վերակառուցելու ու մտածում է՝ պատուհանի գոգին այս պլաստմասսան խփեմ, ամրացնեմ, եթե երկու օր հետո պոկվի, իմ գործը չի»։
Ըստ նրա՝ ոչ մի քաղաքացի չպետք է այդպես վերաբերի այն գործին, որն անում է. «Այստեղ տեսնում եմ հանրային վարքականոնին փոփոխության կարիք»։
Անդրեասյանը շեշտեց. «Կրթության նախարարությունն առաջնային խնդիր է տեսնում, որ դպրոցից, մանկապարտեզից այդ պատասխանատվությունը, հանրային հոգատարությունը դարձնենք վարքականոն։ Դա նաև դրա հետևանքն է․ ամեն բանվորի կողքին վերահսկող չպետք է դնենք։ Դա չէ ձևը»։