«Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, որը նաև նշանակում է մարդու իրավունքների պաշտպանություն». այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ սա անընդհատ գործընթաց է։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն դժվար անվտանգային իրավիճակը, որում Հայաստանն է, անհրաժեշտ է, որ բնակչությունը դիմադրողականություն ցուցաբերի, որին իրենք կաջակցեն։ Այս համատեքստում դեսպանը օրինակ է բերել Սյունիքն ու նշել, որ իրենք այդ դիմադրողականությունն այնտեղ տեսնում են։
Դեսպանը, խոսելով մարդու իրավունքների պաշտպանության, լրատվամիջոցների ազատության և կառավարման գործում կանանց ներգրավվածության կարևորության մասին, նշեց, որ շատ կարևոր է գենդերային հավասարությունը։ Նա ցանկություն հայտնեց, որ վավերացվի «Ստամբուլյան» կոնվենցիան․ «Կարևոր խնդիր կա․ գենդերային հավասարության և դրանով պայմանավորված բռնության մասին է խոսքը։ Ցանկանում եմ, որ վավերացվի «Ստամբուլյան» կոնվենցիան։ Գիտեմ, որ շատ մարդկանց դուր չի գա այս նախադասությունը, որն արտաբերեցի, սակայն կկրկնեմ, որ դա միտված է կանանց պաշտպանությանը։ Եվ այդ առումով ևս ակնկալում եմ, որ քաղհասարակությունը կարողանա մեզ աջակցել»։