Հասարակություն

Կանայք ևս կզորակոչվեն. ներդրվում է կամավոր-պարտադիր զինծառայության համակարգ

Իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսվում է ներդնել կամավոր-պարտադիր զինծառայության համակարգ։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում ներկայացրել է «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը․ «Շատ կարևոր է, որ իգական սեռի քաղաքացիներն իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց, այդ թվում՝ հայրենիքը պաշտպանելիս։ Մենք անընդհատ խոսում ենք կանանց իրավունքների մասին, որ ավելի շատ թույլին պաշտպանելու մասին են, բայց կարծում եմ՝ կանայք ավելի ուժեղ են»,- ասաց Պապիկյանը։

Զինծառայությունը նախատեսվում է 6-ամսյա ժամկետով։

Պարտադիր զինվորական ծառայության 6-ամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալը առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում լինելու է պատվովճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու դեպքում 1 միլիոն դրամ։

1 միլիոն դրամ պատվովճար կտրամադրվի, եթե ծառայությունն ամբողջությամբ ավարտվել է, իսկ եթե առողջական խնդիրներով ժամկետից շուտ զորացրում է եղել, բաժանվելու է 6 ամիսների վրա ու բազմապատկվելու փաստացի ծառայած ամիսների չափով։

Նախագիծն արժանացավ դրական եզրակացության, և կներկայացվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։