Հասարակություն

Մոտ 2 տարի պետք է նախապատրաստվել և 8-10 տարի` կառուցել. նախարարը՝ ատոմակայանի կառուցման մասին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, թե Հայաստանում գործող ատոմակայանը ենթակա է շահագործման մինչև 2036 թվականը: Ըստ նրա, մեծ ծավալի աշխատանք է արվում, որպեսզի լիցենզիայի ժամկետը 2026-ից դառնա 2036 թվական։

Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման ծրագրերին, Սանոսյանն ասել է, թե այդ թեման արդեն շրջանառվում է։ Ըստ նրա, նաև նախապատրաստական փուլն է բավականին երկար, այսինքն՝ մոտ 2 տարի պետք է նախապատրաստվել և 8-10 տարի` կառուցել: 

«Հզորություն որոշելը շատ բարդ է, քանի որ շատ գործոններ կան, որ պետք է հաշվել: Ու քանի որ նոր ատոմակայանը կառուցվում է մոտ 100 տարվա համար, մենք պետք է «2036+100» տարի հաշվարկներ անենք, օրինակ, հաշվենք՝ 2080 թվականին մենք ինչքա՞ն էլեկտրաէներգիա կտանք Իրանին, կամ կտա՞նք, թե՞ չենք տա: Վրաստան կուղարկե՞նք, թե՞ չէ: Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ինչպիսի՞ն կլինեն: Թուրքիան մեզանից էլեկտրաէներգիա կվերցնի՞, թե՞ չէ, որովհետև Թուրքիայի արևելյան շրջանները հիմա ունեն, օրինակ, դրա կարիքը»,- նշել է նա՝ հավելելով,-  

«Եթե կառուցել հզոր ատոմակայան, օրինակ, 1000 կամ 1200 մեգավատ (հիմա՝ այս պահին, մեր ամբողջ էներգետիկ համակարգը 1200 է), կստացվի, որ կունենաս մի կայան, որը կարտադրի երկրիդ ամբողջ պահանջարկը, իսկ եթե ատոմակայանդ կանգնի, ի՞նչ կլինի երկրիդ տնտեսության ու էներգետիկ համակարգի հետ»: