Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը անդրադառնալով ադրբեջանական դիրքերի մոտ լինելուն, հայտարարել է, թե սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա:
Նրա խոսքով՝ հասկանալի պատճառներով այդ հարցի առնչությամբ շատ փակագծեր չի բացի. «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում էլ կան զենքեր։ Կան մարդիկ, ովքեր ուզում են զենքը միշտ ունենալ իրենց հետ, ինչը միանշանակ ճիշտ չէ: Մենք պետք է աչալուրջ լինենք: Դուք էլ հասկանում եք` եթե զենքի կրման, պահելու հետ կապված հստակ կանոնակարգում չլինի, ապա այդ ամենի հետևանքով կարող են դժբախտ պատահարներ գրանցվել: Ասել, որ սահմանամերձ գյուղերում զենք չկա, սխալ է: Դրանք կան»:
Մարզպետի խոսքով՝ Սյունիքում մի շարք համայնքներ, այդ թվում՝ Կապան քաղաքը, Ադրբեջանի զորքերի նշանառության տակ են։ Սյունիքը շուրջ 420 կմ սահման ունի Ադրբեջանի և Նախիջևանի հետ. «Ես վստահ եմ, որ այլ երկրների բազմաթիվ պլաններ տապալվել են, որովհետև Սյունիքը եղել է միասնական ու կայուն, ինչը նշանակում է, որ շատ լավ հնարավորություն, նաև ժամանակ է տրվում նախապատրաստվել տնտեսական զարգացմանը, ինչը կբերի դիմադրողականության բարձրացմանը։ Ողջ պատմության ընթացքում, երբ միասնական ենք, ոչինչ տեղի չի ունենում, երբ պառակտվում ենք, անմիջապես հատուցում ենք դրա համար։ Սյունիքը միշտ կայուն է, ես սիրում եմ միշտ ասել՝ սյունյաց պատը պետք է լինի ամուր և երբեք չպետք է քանդվի»։