ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խոշոր հարկատուներին, շեշտելով, որ էականորեն փոխվել է նրանց նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Ըստ Փաշինյանի, Հայաստանում 2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ.
«Էականորեն փոխվել է խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը:
2023 թվականի հունվար-մարտին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրվել է 113.4 տոկոսով ավելի հարկ: Այսինքն՝ 2018-ի առաջին 3 ամիսների համեմատ խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել:
Սա կարևոր է, որ տեսնենք, որ ոչ թե փոքր տնտեսավարողներին ենք միայն հարկային դաշտ բերում, այլ նաև խոշորներին»,- ասել է նա։
Նույն ժամանակահատվածում 100 խոշոր հարկատուներից հավաքագրված հարկերի ընդհանուր գումարը կազմել է առաջին 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված ընդհանուր գումարի 55.7 տոկոսը, այսինքն՝ 100-ը 1000-ի կեսից շատն է վճարել: