Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ակնաբուժական 5-րդ միջազգային համաժողովին։
Իր ելույթում Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հայաստանյան բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածությունն ու բուժման ժամանակակից մեթոդները չեն զիջում զարգացած երկրներին։ Նա ընդգծել է, որ աճել է ծառայությունների հասանելիությունը. «Ներկայումս մեր երկրում կատարակտից կուրությունը գրեթե վերացել է՝ շնորհիվ պետպատվերի արտոնության բուժառուներին տրամադրվող արագ և որակյալ ծառայությունների»։
Ըստ նախարարի՝ վիրահատությունն իր մեջ ներառում է նաև ներակնային արհեստական ոսպնյակի տրամադրում. «Շուտով կստեղծվի եղջերաթաղանթի դոնորության համակարգը, ինչը ևս մեկ կարևոր ձեռքբերում է»,- ասել է նա։
Նշենք, որ աշխարհի տարբեր երկրներից միջոցառմանը մասնակցում է 500-ից ավելի ակնաբույժ։