Հասարակություն

Դատավորների, դատախազների և քննիչների համար կներդրվի բարեվարքության ստուգման համակարգ

Արդարադատության նախարարության և ԱՆ Օրենսդրության զարգացման հիմնադրամի կողմից մշակվել և հանրային քննարկման է ներկայացվել օրենքների նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ՝ գործող դատավորների, դատախազների և քննիչների, ինչպես նաև՝ քննիչների թեկնածուների համար:

ՀՀ Արդարադատության նախարարության փոխանցմամբ, նախագծերի ընդունումը տալու է հնարավորություն պարբերաբար ուսումնասիրելու պաշտոնատար անձանց գործունեությունը՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու նպատակով:

Նախագծերով առաջարկվում է բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում պարտադիր լրացման տվյալների շարքում ներառել անձի (թեկնածուի) և նրա ընտանիքի անդամների կենսագրական տվյալները՝ սահմանելով պահանջ նաև վերջին 5 տարվա ընթացքում կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ: Անձի (թեկնածուի) կուսակցական պատկանելության վերաբերյալ տեղեկությունների ներառումը բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում ուղղված է շահերի բախման հնարավոր դեպքերը վեր հանելուն, անձի անհրաժեշտ անկախությունն ու անկողմնակալությունն ապահովելուն:

Բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում լրացման ենթակա տվյալներ են անձի ընտանիքի անդամների գույքային դրության՝ գույքի և եկամուտի վերաբերյալ ամփոփ տեղեկությունները:

Առաջարկվում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն տալ անձի՝ կարգապահական, քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված լինելու վերաբերյալ տվյալներից բացի նաև պահանջելու տեղեկություններ այն մասին, թե արդյոք անձի մասնակցությամբ առկա՞ է քաղաքացիական գործ կամ օրինական ուժի մեջ մտած վճիռ։

Հանձնաժողովը բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելիս անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին և ստանալու տեղեկություններ։