Հասարակություն

Հայաստանյան համաժողովն ամենահաջողվածն ու տպավորիչն էր. SIOP նախագահ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ավարտվեց մայիսի 18֊21-ը Երևանում անցկացվող Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը (SIOP Asia 2023 XV Congress)։

SIOP նախագահ Գիլերմո Շանտադան (Guillermo Chantada) միջոցառման ավարտին նշեց, որ հայաստանյան համաժողովն իր մասնակցածներից ամենահաջողվածն էր, ուր ամեն մանրուք հաշվի էր առնված, և այստեղ մեծ ուշադրություն էր հատկացված մարդկային կողմին. մասնակիցների համար ապահովված էին բոլոր պայմանները` թե՛ գիտական հատվածի արդյունավետության, և թե՛ երկրի բժշկագիտական ներուժին ծանոթանալու համար։

Համաժողովի մասնակիցների թիվը գերազանցեց 500-ը․ մասնակցում էին թե՛ Հայաստան ժամանած, և թե՛ առցանց միացած մասնագետներ աշխարհի ամենատարբեր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից։

Նրանց բոլորին միավորել էր մանկական քաղցկեղի դեմ համատեղ պայքարն ու կյանքեր փրկելու ձգտումը, մարդկանց բուժման ժամանակակից լուծումներով կիսվելու ու ոլորտը զարգացնել ցանկությունը։

Որպես դրական արդյունք՝ քննարկվեցին բազմաթիվ կառույցների հետ համագործակցության հեռանկարային հնարավորություններ. շատերը նշում էին, որ կցանկանան իրենց պացիենտների/բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակել և խորացնել փոխգործակցությունն այս ուղղությամբ։ 

«Մենք պատվով ընդունեցինք համաժողովը Հայաստանում և հնարավորություն ստեղծեցինք տեղի մասնագետների և ուսանողների համար ծանոթանալու ոլորտի համաշխարհային անցուդարձին և զարգացումներին, «առաջին ձեռքից» լսելու ոլորտի լավագույններին։ Մյուս կողմից մեզ հաջողվեց միջազգային բժշկական հանրության շրջանում ճանաչելի դարձնել հայ տաղանդավոր բժիշկներին և բարձրացնել նրանց հեղինակությունը, ներկայացնել այն բժշկագիտական ներուժը, որ ունի Հայաստանն այս ոլորտում»,—նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։ 

Կազմակերպիչների ջանքերի շնորհիվ SIOP Asia 2023 համաժողովի մասնակիցներին շնորհվելու է 24 ՇՄԶ կրեդիտ` Եվրոպական Հավաստագրման Խորհրդի (EACCME®) կողմից` շարունակական մասնագիտական զարգացման համար։ 

Ինչպես նշեցին բանախոսներից շատերը՝ ցածր և միջին եկամուտ ունեցող զարգացող երկրներում շատ սուր է մանկական քաղցկեղի դեմ պայքարը, և SIOP-ի նման կառույցներն աջակցում են գիտական, մասնագիտական փորձառության տարածմանն ու փորձի փոխանակմանը հատկապես այդ երկրներում։

Ինչ վերաբերում է գիտական հատվածին, ապա առաջին օրը, վերջերս Գետահովիտում հիմնադրված քաղցկեղ ունեցող երեխաների և նրանց ընտանիքների համար նախատեսված հոգևոր-վերականգնողական կենտրոնում անցկացվեց Քաղցկեղը վերապրածների (Survivorship Symposium) վերաբերյալ սիմպոզիում։ Այստեղ քննարկվեցին հիմնախնդիրներ, որոնց բախվում են թե՛ պացիենտները, և թե՛ բժշկական անձնակազմը, նշվեց նման կենտրոնների առկայության կարևորությունը ցանկացած երկրում։ 

Քաղցկեղի նախատրամադրվածությանը եւ իմունաուռուցքաբանությանն առնչվող և մի շարք այլ կարևոր հարցեր մասնագետները քննարկեցին համապատասխան (Cancer Predisposition Symposium եւ Immuno-Oncology Symposium) սիմպոզիումների ընթացքում։ 

Քաջ հայտնի է հոգեբանների և սոցիալ-հոգեբանական անձնակազմի դերը քաղցկեղի բուժման ընթացքում․ Սոցիալ-հոգեբանական սիմպոզիումը (Psychosocial Symposium) միավորել էր մասնագետների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հայաստանից՝ քննարկելու խնդիրներն ու դրանց հաղթահարման նոր մոտեցումները հոգեբանության մեջ։ Քաղցկեղի պարագայում հոգեբանական աջակցությունը ոչ միայն բուժառուներին է խիստ անհրաժեշտ, այլ նաև նրանց հարազատներին ու բժշկական անձնակազմին՝ հաղթահարելու և հատկապես հուզական այրման չբախվելու համար։ 

Սիմպոզիումներ անցկացվեցին` նվիրված ռեգիստրներին (Registry symposium), վիրահատական (Surgical Treatment symposium) ու ճառագայթային բուժմանը (Radiotherapy Symposium), ինչպես նաև քույրական գործին։ Վերջինիս շրջանում հաղթողներն անգամ ստացան կրթաթոշակներ լավագույն զեկույցների համար։

Բացման արարողության ընթացքում կարևորագույն իրադարձություններից էր Մանկական ուռուցքաբան֊արյունաբան, ոսկրածուծի փոխպատվաստման համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ Լոուրենս Բ. Ֆոլկներին՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման շնորհումը։ 

Պրոֆեսոր Ֆոլկների աջակցությամբ է Հայաստանում հիմնադրվել ալոգեն փոխպատվաստումը, ինչի շնորհիվ Հայաստան ժամանած 4 երեխա արդեն իսկ լիովին ապաքինված վերադարձել են Աֆրիկա՝ իրենց հարազատների մոտ։

Համաժողովը կայացել է Team Telecom Armenia-ի աջակցությամբ։