Հասարակություն

«Որևէ մեկը չի վիճարկում փաստը, որ Ալիևը կառուցողական չէ ու ռազմական հանցագործ է». Արթուր Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ 

«Բրյուսելյան բանակցություններից 3 օր առաջ Ադրբեջանը շարունակաբար կրակում էր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների և Հայաստանի դիրքերի ուղղությամբ, որ բանակցային սեղանին ռազմական առավելության պայմաններում հասնեն այլ առավելությունների։ Մեր զինված ուժերը արժանի մարտեր են տվել այդ օրերին եւ թույլ չեն տվել, որպեսզի Ադրբեջանը ռազմական առավելության պայմաններում մտնի մեզ հետ բանակցությունների»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Ալիևը կառուցողական չէ, ռազմական հանցագործ է և չի իրականացնում միջազգային դատարանների վճիռները․ որևէ մեկը չի վիճում այդ փաստի հետ։ Մյուս կողմից նա ասել է, որ չնայած այդ հանգամանքին, ՀՀ-ն գնում է խաղաղության. «Մենք գնում ենք խաղաղության, որպեսզի ճանապարհները ապաշրջափակվեն, որպեսզի կարողանանք զարգանալ, բանակը հզորացնել, որ այլևս երբեք որեւէ մեկը չկարողանա մեր սահմաններին կրակել։ Մենք մեր միջազգային գործընկերների հետ շատ հստակ հարաբերվում ենք՝ թե Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ ԱՄՆ-ի, և նրանց ստեղծած հարթակներում փորձում ենք հնարավորինս կառուցողական լինել։ Այո, Ադրբեջանը կառուցողական չէ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետ քաշվենք և թողնենք այնպես, ինչպես կա կամ թողնենք բախտի հույսին»։

Հովհաննիսյանը հայտարարել է, որ պետք է անել ամեն ինչ, որ կարողանան ստորագրել խաղաղության և հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթը, քանի որ դրա շնորհիվ կկարողանանք Հայաստանի շուրջ ապահովել երկարատև խաղաղություն և զարգացում։