ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ որդուն՝ Աշոտ Փաշինյանին չի հորդորել ետ վերցնել զոհված զինծառայողի մոր դեմ բողոքը։
Հիշեցնենք, զոհվածի մայր Գայանե Հակոբյանն օրերս փորձել էր առևանգել Աշոտ Փաշինյանին։ Հարուցվել է քրեական վարույթ, Հակոբյանը մեկ ամսով կալանավորվել է։
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն այս կապակցությամբ ասել է. «Երբ առաջին խոսակցությունը տեղի ունեցավ այս թեմայով, որդիս իր փաստարկներով զրկեց ինձ իրեն նման խնդրանքով կամ կոչով դիմելու հնարավորությունից։ Միջադեպի ժամանակ Հայաստանում չէի, երբ վերադարձա, տեսա, որ իրավական ընթացակարգեր են սկսվել։ Երբ նրա հետ զրուցում էի, հիշեցրեց, որ ամբողջ նպատակն ու խնդիրն այն էր, որ երկրում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Հարցրեց՝ հիմա ես ո՞նց արձագանքեմ այդ փաստին, ես էլ ի՞մ ընկերներին կամ ջոկատի անդամներին վերցնեմ, պատասխան գործողություններ անեմ, անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ, սպառնալիքին սպառնալիքո՞վ պատասխանեմ, առևանգմանը՝ առևանգմա՞մբ»։
Վարչապետն անդրադարձել է իր թիկնապահների մասնակցությամբ նախորդ տարի տեղի ունեցած միջադեպին, երբ ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկել Սոնա Մնացականյանին։ Փաշինյանը նշել, է, որ այդ քրեական գործից տեղյակ չէ. «Շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ, միջադեպից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել տուժածի՝ վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ։ Ինքն ասել է, որ ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ։ Ես հիմա, ճիշտն ասած, չգիտեմ՝ արարքն ինչպես, ինչ հոդվածով է որակվել ։Կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել որդուս հետ, որակված է քր.օր 191 հոդվածով՝ մարդու առևանգում»։