Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, առաջին անգամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում ի տեսություն այցելուների է հանվել Ամենայն Հայոց Հայրապետության գահը, որը մշտապես զետեղված է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի թանգարանների տնօրինությունից։
«Նվիրական և գեղեցկակերտ Գահն ընծայաբերվել է Մայր Աթոռին Տ. Տ. Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի (1955-1994) գահակալության շրջանում՝ 1961 թ.: Գահի նվիրատուները Սուրբ Էջմիածնի պատմական թեմի՝ Պարսկահնդկահայոց վիճակի ազգայիններն են:
Այս առիթով, տարվույս մայիս 28-ին, ժամը 14:00-ին, Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում, Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը հանդես կգա բանախոսությամբ՝ «Հայոց Հայրապետի նվիրական գահը և նվիրապետական նշանակները» խորագրով։