Հասարակություն

ԱՄՆ-ից ժամանած տղամարդը կտրել է մորաքրոջ պարանոցը

Այսօր՝ մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել և պարանոցի շրջանը կտրված է։

Հսկայածավալ օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է պարզել ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը։ Ոստիկանները պարզել են նաև, թե Երևանի հյուրանոցային որ համալիրում է գտնվում հանցագործը։ Սպանություն կատարողը հենց հյուրանոցում վնասազերծվել է, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվածն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 41-ամյա Արմոնդ Ա.-ն է։ Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչկան վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ 

Նշվում է, որ սպանություն կատարողն օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա այսօր գնացել է Աշտարակ իր մորաքրոջն այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատրելուց հետո կերպարանափոխվել է, սափրվել է, Աշտարակի խանութներից մեկից նոր հագուստներ է գնել և վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ։