44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին թույլ չեն տվել որոշումն ստանալ, այս մասին լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Անգամ մեկ րոպե մեզ հնարավորություն չէին ուզում տալ, որ մենք մեր վստահորդին բացատրեինք, թե ինչ որոշում է կայացվել, շատ տհաճ էր: Անգամ թույլ չէին տալիս, որ որոշումն ստանար»,- նշել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ իրավական բոլոր ընթացակարգերն ապահովվելու են, սակայն սա ընդամենը հարցի երկրորդ կողմը կլինի։
Հարցին, թե դատավորի վրա ճնշում եղե՞լ է՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանել է. «Թուղթն ստորագրողը մեկ մարդ է՝ դատավորը, և թող որևէ մեկը երբևէ չմտածի, որ որևէ ճնշմամբ ինքն արդարացում է ունենալու: Եթե չես կարող դատավոր աշխատել, ճնշումներին դիմագրավել, գնա ուրիշ բան աշխատի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանի որոշմամբ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը 1 ամսով կկալանավորվի: Նա մեղադրվում է վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման մեջ: