«Արվում է ամենը, որ ոչ միայն երեխաների, այլև մեծերի շրջանում քաղցկեղը դատավճիռ չլինի»,- Անահիտ Ավանեսյան
Հասարակություն
19 Մայիսի, 15:34
«Մանկական ուռուցքաբանության միջազգային հանրույթում Հայաստանի ուռուցքաբանների ունեցած կարևոր դերի ու մասնագիտական ներուժի շնորհիվ այս տարի ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկն անց է կացվում Հայաստանում»,- մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) բացմանը, ողջունելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած 200 ուռուցքաբաններին, նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Մայիսի 18-21-ը Երևանը դարձել է բժշկագիտական առաջատար մտքի կենտրոն: Մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետներ, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարներ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հանդես են գալու ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ զեկույցներով ու դասախոսություններով: Հարյուրավոր ականավոր բժիշկներ ու գիտնականներ ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանն ու գիտական ներուժին, հանդիպումներ են ունենակու մեր մասնագետների հետ:
Քառօրյա ամենատարբեր միջոցառումների շնորհիվ փորձի փոխանակման ու համագործակցության նոր հնարավորություններ է ստեղծվելու: Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նպատակն է` «Ոչ մի երեխա չպետք է մահանա քաղցկեղից. Բուժել շատերին, հոգ տանել բոլորի մասին»:
Հայաստանում քաղցկեղով հիվանդ ոչ մի երեխա առանց բուժման չի մնում, իսկ նրանց 75 տոկոսն ամբողջովին ապաքինվում է: Նախարարի խոսքով` սա բավականին լավ ցուցանիշ է, բայց զարգանալու տեղ միշտ կա: Մեր երկրում արվում է ամենը, որ ոչ միայն երեխաների, այլև մեծերի շրջանում քաղցկեղը դատավճիռ չլինի:
«Այս կարևոր միջոցառումն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Ինձ համար մեծ պատիվ է ողջունել այն։ Ընդամենը երկու օր առաջ ես պատիվ ունեցա մեկնարկելու ևս մեկ կարևոր հանդիպում Հայաստանում, որը համախմբել էր քաղցկեղի մասնագետներին հիմնականում Եվրոպայից և ԱՄՆ-ից։ Այժմ մեկնարկում է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովը, և հրաշալի է այն փաստը, որ այս շաբաթ Հայաստանը վերածվեց մանկական ուռուցքաբանական կենտրոններից մեկի»,- ողջույնի խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ ավելորդ է ասել, որ քաղցկեղն աղետալի հիվանդություն է, որն անմասն չի թողնում նաև երեխաներին՝ աշխարհի ամենագեղեցիկ ու բարի արարածներին: Քաղցկեղով հիվանդ երեխաներն աներևակայելի ուժեղ են, չափազանց խիզախ, և մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք օգնել նրանց հաղթահարելու այս հիվանդությունը:
«Մանկական քաղցկեղի կանխարգելումը մեր առաջնահերթություններից է, և ընթացիկ ցուցանիշներն ապացուցում են դա։ Անցյալ տարի մեր երկրում կրկնապատկվեց մանկական քաղցկեղի պետական ֆինանսավորումը: Բարեգործական հիմնադրամների հետ համագործակցության միջոցով մենք կարող ենք հոգալ Հայաստանում մանկական քաղցկեղի խնամքի հետ կապված ծախսերը: Հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանում ոչ մի երեխա առանց բուժման չի մնում»,- ասել է նախարարը:
Հետևեք մեզ Telegram-ում