Հայաստանի ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձել է 1 տոննա կոկաինի ներմուծման թեմային։
Նա ասել է, որ կատարվածի վերաբերյալ կա քրեական վարույթ, բայց և ձեռնպահ է մնացել մանրամասների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց. «Կարող եմ սխեմաների մասին խոսել։ Եթե որևէ երկրից ապրանքն, ըստ ուղեկցող փաստաթղթերի, պետք է տեղափոխվի մեկ այլ վերջնակետ երկիր, նշանակում է մի քանի բան։ Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերի համակարգեր, ալգորիթմներ, որի հիման վրա պետք է վերհանեն, թե որ կոնտեյները, որ բեռնատարն են ստուգում։ Դրա մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխող ընկերությունները և կիրառում են տարբեր մեխանիզմներ»։
ՊԵԿ նախագահը հիշեցրել է, որ ամբողջ աշխարհը ողողված է թմրանյութերով, և, դրանք հայտնվում են տարբեր շուկաներում՝ մաքսանենգ ճանապարհով անցնելով մաքսային հսկողության կետեր կամ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները, այսինքն՝ անպայման չէ, որ մաքսային հսկողության գոտիով մաքսանենգ ապրանքը մտնի. «Օրինակ` Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը որ կա, դեպքերի մեծամասնությունը ռուս սահմանապահների կողմից է հայտնաբերվում, որովհետև, օրինակ, նետում են գետի վրայով թմրանյութը կամ դրոնով տեղափոխում են և նետում այնպիսի գոտում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել»։