Հասարակություն

ՀՀ-ն մասամբ կսուբսիդավորի աշխարհի 400 լավագույն բուհերի շրջանավարտների աշխատավարձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ համաշխարհային բուհական վարկանիշում ընդգրկված 400 լավագույն բուհերի շրջանավարտներին աշխատանքի ընդունելու դեպքում պետությունը նրանց աշխատավարձի որոշակի սուբսիդավորում կկատարի։ 

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ մանրամասների է հայտնել այդ ծրագրից, ասելով. «20 տոկոսով սուբսիդավորում ենք, եթե մարդը, որն ընդունվում է աշխատանքի, ավարտել է 400 լավագույն համալսարաններից մեկը կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ ունի առաջնակարգ ընկերություններում»։ 

Ըստ Քերոբյանի՝ սրանով նպատակ կա ընկերություններում ներգրավվել բարձրակարգ մասնագետների, որոնք իրենց հետ կբերեն միջազգային փորձ ու գիտելիքներ. «50 տոկոս սուբսիդավորում ենք այն մարդկանց, որոնք, բավարարելով 400 բուհերն ավարտելու պայմանը, նաև ունեն դոկտորական աստիճան (PHD)»։

Նրա խոսքով, այս պարագայում նպատակը գիտնականներին հայկական ընկերություններում աշխատանքի ընդունելն է. «Գիտեք՝ վերջերս հրապարակված «Գլոբալ ինովեյշն» ինդեքսում բացահայտվել էր, որ հայկական ընկերությունները շատ քիչ են գիտություն օգտագործում իրենց ապրանքներում, և մեր խնդիրն է ավելացնել գիտության մասնաբաժինը մեր արդյունաբերության, մեր բիզնեսի մեջ»։ 

Քերոբյանը նաև հավելել է, որ պետությունը 70 տոկոսով կսուբսիդավորի հայկական ընկերություններում աշխատանքի անցած 400 լավագույն բուհերի այն շրջանավարտների աշխատավարձը, որոնք դասավանդում են համալսարաններում և կրթական հաստատություններում: Ըստ Քերոբյանի՝ բարձր որակավորում ունեցող մոտ 300 մասնագետի աշխատավարձի սուբսիդավորման հայտ արդեն հաստատվել է: