Հասարակություն

Արտադրական կանեփին առնչվող նախագիծն արժանացավ հանձնաժողովի բացասական եզրակացությանը

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ:

Կառավարության հեղինակած՝ ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտադրական կանեփի մասին օրենքի ընդունումից ի վեր դաշտում լուրջ տեղաշարժեր չկան: Խնդիրը լուծելու համար Կառավարությունը ներկայացրել է նախագծերի փաթեթ, որով բիզնեսին խոչընդոտող խնդիրները պետք է լուծվեն:

Նախագծով առաջարկվել է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալ մինչև 2 տարի ժամկետում ստեղծել կանեփի արտադրություն՝ 1 տարվա փոխարեն: Սահմանվել է նաև արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը, Կառավարության համար որոշակի լիազորություններ են հստակեցվել:

Անդրադարձ է կատարվել քվոտաների վերանայման կարգին: Լենա Նանուշյանը նշել է, որ այն սահմանում է Կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչև տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել հաջորդ տարվա քվոտաների վերանայման համար:

Քննարկման մասնակիցներն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծիք են հայտնել, որ փաթեթով խնդիրները չեն լուծվի. հետագայում փաթեթին անդրադառանալու անհրաժեշտություն կլինի:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ ավելի ճիշտ կլիներ, որ այս նախաձեռնությունը ներկայացներ Էկոնոմիկայի, ոչ թե Առողջապահության նախարարությունը, քանի որ այն վերաբերում է տնտեսությանը: Չնայած փոփոխությունը կատարվում է այն օրենքում, որը վերաբերում է Առողջապահության նախարարությանը, բայց այն լուծում է տնտեսական խնդիր:

Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքն օրենքի նախագծին կողմ չի քվեարկելու, քանի որ այն լրացուցիչ քննարկման կարիք ունի: Այս համատեքստում նա առաջարկել է լիագումար նիստերի ընթացքում նախագիծը հետ տանել առաջին ընթերցում և ևս մեկ ամիս քննարկել: Եթե այդ ընթացքում լինեն առաջարկներ կամ այլ գերատեսչությունների կողմից այլընտրանքային տարբերակներ, դրանք նույնպես ներառվեն քննարկվող հարցի շրջանակում:

Ծավալված քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: