Հասարակություն

Արտադրական կանեփով շատ ներդրողներ էին հետաքրքրված, բայց միջավայրը գրավիչ չէ. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե արտադրական կանեփով շատ ներդրողներ էին հետաքրքրված, բայց միջավայրը գրավիչ չէ։

Նրա խոսքով՝ երկու տարի առաջ, երբ այս թեման դեռ քննարկվում էր և այդ փուլում էր, ներդրողները շատ էին։

«Առողջապահության նախարարության գլխավոր առաքելությունը մարդկանց առողջությամբ զբաղվելն է, իսկ էկոնոմիկայի առաքելությունը՝ տնտեսությամբ։ Եվ սա էլ պետք է լինի տնտեսական ծրագիր, բայց այն ժամանակ քաղաքական որոշում կար, որ սա առողջապահական վերահսկողությամբ պետք է լինի, իսկ այն, ինչն ի սկզբանե վերահսկման ենթակա է, դատապարտված է ձախողման։ Կարծում եմ՝ ԱԺ գործընկերներն էլ համաձայն չեն այսօրվա միջավայրի հետ։ Մեր կարծիքով՝ աշխատող բիզնես մոդելը լրիվ այլ տեսք ունի»,- ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում։