Հասարակություն

Հաշմանդամության կարգ տալու համար քաղաքացիներից կաշառք են վերցրել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում պարզվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) բաժնի ղեկավարի կողմից տարբեր քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի հանգամանքները: Վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 5 անձի:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Հ.Մ.-ն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննության բաժնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում, 2021թ. մարտին, իր ծանոթի միջոցով տեղեկացել է հիշյալ բաժնի շահառու հանդիսացող անձի կողմից, առանց բժշկասոցիալական օբյեկտիվ փորձաքննության և պատշաճ բժշկական հետազոտման իրականացման, երրորդ խմբի հաշմանդամության կարգ ստանալու ցանկության ու նշվածը իրագործելու համար կաշառք տալու պատրաստակամության մասին։ Համապատասխան հետազոտություններ կատարելուց և օբյեկտիվ եզրակացություն տալուց ձեռնպահ մնալու, արդյունքում՝ առանց խոչընդոտների այդ անձին հաշմանդամության երրորդ կարգ տրամադրելու համար նա պահանջել և մեկ այլ անձի միջոցով մաս-մաս ստացել է ընդհանուր 100.000 ՀՀ դրամ կաշառք:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի մարտի 10-ին բաժնի ղեկավարը շահառուին փաստացի առանց փորձաքննության ենթարկելու և համապատասխան հիվանդությունների առկայությունը հավաստող փաստաթղթերի պատշաճ հետազոտման, կազմել և հաստատել է բովանդակությամբ կեղծ վարչական վարույթի արձանագրություն և դրանում ներառել ակնհայտ կեղծ տեղեկություններ անձի՝ փորձաքննությունն անցած լինելու վերաբերյալ: Արդյունքում, բաժնի շահառու հանդիսացող հիշյալ անձը ճանաչվել է երրորդ կարգի հաշմանդամ՝ առանց ժամկետային սահմանափակման։

Բացի այդ, Հ.Մ.-ն, 2021թ. ապրիլի 6-ից զբաղեցնելով բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության բժշկասոցիալական փորձաքննության համակարգման և մեթոդական աջակցության բաժնի բժիշկ-փորձագետի պաշտոնը, և լինելով նույն բաժնի կնիքի պահպանման և օգտագործման պատասխանատուն՝ տեղեկացել է իր ծանոթի մոր մոտ սրտի հետ կապված առողջական խնդիրների առկայության, ինչպես նաև՝ ֆինանսական ծանր պայմաններում գտնվելու պատճառով վիրահատությունը պետական միջոցների հաշվին անվճար կատարելու ցանկության մասին։ Բժշկասոցիալական փորձաքննությունը սեղմ ժամկետներում կատարելու, վերջինիս հաշմանդամության երկրորդ կարգ տրամադրելու և ըստ այդմ՝ նրան պետական միջոցների հաշվին անվճար վիրահատվելու հնարավորություն ընձեռելու համար նա ընդունել է 400.000 ՀՀ դրամ կաշառք տալու վերաբերյալ առաջարկը։

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021թ. մայիսի 26-ին Միասնական սոցիալական ծառայության տվյալ բաժնի երկու բժիշկ-փորձագետների հետ, հանձնաժողովի կազմում, Շիրակի մարզի բնակչուհուն ենթարկել է առաջնային փորձաքննության, ինչի արդյունքում վերջինս ճանաչվել է երկրորդ խմբի հաշմանդամ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Մ-ին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու (երկու դրվագ) և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել ևս 4 անձի՝ կաշառք տալու, կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: