ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիպրոս Գիորգալիսին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված միջպետական և բազմոլորտ հարաբերությունները: Նա երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի գործընկերներին 2023 թվականի ապրիլի 6-ին «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևի միաձայն ընդունման համար:
Հանդիպմանն ընդգծվել է երկու խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների դերը՝ կարևորելով օրեր առաջ ՀՀ ԱԺ Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոս: Բարձր է գնահատվել միջազգային տարբեր կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում բարեկամ երկրների պատվիրակությունների միջև սերտ և արդյունավետ համագործակցությունն ու փոխաջակցությունը: «Կիպրոս կատարած իմ պաշտոնական այցից մի միտք է տպավորվել, երբ գործընկերներս ասացին, որ Կիպրոսը պատրաստ է ստանձնել Հայաստանի փաստաբանի դերը Եվրամիությունում»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը ևս պատրաստ է աջակցել Կիպրոսին: