Հասարակություն

Փրկարար ծառայությունը շարունակում է միջոցառումների շարքը

Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչությունները և ենթակա ստորաբաժանումները շարունակում են դասընթացներ և ուսումնավարժանքներ անցկացնել` նպատակ ունենալով առավելագույնս իրազեկել բնակչությանը՝ արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության, առաջին օգնության և տարաբնույթ արտակարգ իրավիճակներում վարվելակերպի կանոնների մասին:

Մասնավորապես, Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրում անց է կացվել ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք, որի ընթացքում էլեկտրական շչակի միջոցով իրականացվել է բնակչության ազդարարում։ Խաշթառակի միջնակարգ դպրոցում, վարչական շենքում, ԱԱՊԿ-ում և մանկապարտեզում անց է կացվել «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթաց։

Կոտայքի մարզի «Սարալանջի միջնակարգ դպրոց», «Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց», Արմավիրի մարզի «Մեծամորի թիվ 2 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ներում, Արագածոտնի մարզի 20 հանրակրթական դպրոցներում անցկացվել են «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասընթացներ, իսկ «Կաքավաձորի Մ. Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոց» և «Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում՝ «Բնակչության ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժություն՝ էլեկտրաշչակի գործարկմամբ։

Միջոցառումներին մասնակցել են դպրոցների թե՛ ուսուցչական և թե՛ աշակերտական անձնակազմը. բարձրացվել են մի շարք հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: ՔՊ միջոցառումների շրջանակներում, մայիսի 12-ին ՀՀ ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի մասնագետները ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հետ համատեղ Արմավիրի մարզպետարանում, Բաղրամյան, Արաքս և Մեծամոր համայնքների ղեկավարների և տեղակալների, բնակավայրերի վարչական ղեկավարների հետ անցկացրել են «Բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման հարցերը» թեմայով սեմինար պարապմունք, իսկ Մեծամոր համայնքի «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» և «Փշատավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներում՝ «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում առավել մանրամասն և հանգամանալից ծանոթանալ արտակարգ իրավիճակներում ճիշտ վարվեցողությանը, ինչպես նաև՝ մշակել ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլաններ: