Հասարակություն

Սահմանամերձ Բերդի անսահման հմայքը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Առաջին անգամ եմ սահմանամերձ Բերդում։ Անձրևոտ ու ամբողջությամբ կանաչով շրջապատված «բերդաքաղաքը» մառախուղի մեջ ավելի խորհրդավոր է թվում։ Որոշում եմ ինձ համար «բացահայտել» Բերդը։ Լրագրողների խումբը գնացել էր՝ մասնակցելու Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-ամյակի միջոցառմանը։ Բայց շատերին այլ հարցեր էին մտահոգում։

Արդեն գործարանում էինք։ Երևանից եկած լրագրողներիս էր միացել նաև համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Հասմիկ Գյոզալյանը։ Շտապում եմ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները նրանից ստանալ․ «Թշնամին այստեղից որքա՞ն է հեռու, հաճա՞խ են կրակում, համայնքի բնակիչները հիմնականում ինչո՞վ են զբաղվում»,- Հասմիկը վերջին հարցին է պատասխանում․ «Հիմնականում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ, տեքստիլագործությամբ»։

«Լավ է, համայնքը չլքելու, հանապազօրյա հացը վաստակելու համար գոնե աշխատանք կա»,- մտածում եմ ու հետևում լրագրողներին։ 

Շարժվում ենք գործարանի շինություններից մեկը, որտեղ մեզ փոքրիկ էքսկուրսիա էր սպասվում։ Դիմավորում է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը ու մանրամասն պատմում գործարանի 20-ամյա աշխատանքի, սարքավորումների, ձեռքբերումների, մթերման, թորման ու հնեցման մասին։

Ես այլ բան եմ ուզում լսել Վարդանյանից՝ գործարանը, տնտեսական խնդիր լուծելուց զատ, ի՞նչ նշանակություն ունի համայնքի համար, չէ՞ որ Բերդի ու հարակից գյուղերի բնակիչներն ամեն օր քնում ու արթնանում են հակառակորդի քթի տակ, որը պատրաստ է ցանկացած սադրանքի։

Գարիկ Վարդանյանը Radar Armenia- ի հետ զրուցում պատմեց, որ 2003 թվականից ի վեր, ինչ հիմնադրվել է գործարանի Բերդի մասնաճյուղը, հնարավորություն է ընձեռնվել ոչ միայն Բերդի, այլև հարակից շրջանների խաղողագործներին՝ իրենց բերքը մթերել և զերծ մնալ վաճառքի ու սպառման հետ կապված մի շարք խնդիրներից։ Բացի այդ, նաև ռազմավարական նշանակության հարց է լուծվում՝ համայնքը չի դատարկվում, ընդհակառակը, մարդիկ շարունակում են ապրել ու արարել։ 

«Ընդհանուր առմամբ, 800 խաղողագործի հետ կնքած մթերման պայմանագրեր ունենք։ Ստացվում է՝ 800 ընտանիքի հետ ենք համագործակցում, և տարածաշրջանի գրեթե ողջ բերքը գնվում է։ Սահմանամերձ գյուղերի ժողովուրդն էլ կարողանում է խաղող վերամշակել՝ վստահ իմանալով, որ բերքն իրացվելու է»,- հավաստիացնում է Վարդանյանը։

Տոնական միջոցառումն արդեն մեկնարկել է։ Մոտենում եմ գործարանի աշխատակցուհիներից Գայանե Աբգարյանին։ Նա 11 տարի է՝ Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի լաբորատորիայի պատասխանատուն է։ Ասում է. «Իմ հսկողության տակ են պահամանների մաքրությունից սկսած մինչև լաբորատոր տարբեր անալիզները»։

Տիկին Գայանեից հետաքրքրվում եմ՝ դժվա՞ր չէ սահմանամերձ համայնքում ապրելը, երբևէ մտածե՞լ է Բերդից հեռանալու, ավելի ապահով տեղում ապրելու մասին․ «Մեր հողն ու ջուրն է Բերդը։ Ինչ հիշում եմ՝ սահմանամերձ գյուղերում խաղողագործությամբ են զբաղվել, իսկ այսօր, երբ համայնքում գործարան կա, գյուղատնտեսները կարողանում են բերքը հանգիստ իրացնել։ Իհարկե, դժվար է, երբ հակառակորդի նշանառության ներքո ենք ապրում։ Սահմանամերձ գյուղերում դեպքեր են եղել, երբ մթերման ժամանակ կրակել են, մեծ դժվարությամբ են կարողացել բերքը հավաքել ու տեղ հասցնել։ Անգամ դեպքեր են եղել, երբ Բերդում ընդհանուր աշխատանքն է խաթարվել, բայց դժվարություններից չենք հուսահատվել և միշտ կարողացել ենք մեր խնդիրները լուծել։ Բերդը լքելու մասին երբեք չեմ մտածել։ Երբեմն մտածել եմ՝ կարո՞ղ է երեխաներս ուզենան հեռանալ քաղաքից, բայց նրանք էլ այստեղից գնալու ցանկություն չունեն»,- վստահեցնում է նա։ 

Գործարանի բոլոր աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ մեկտեղվել են գործարանի կենտրոնում ու շնորհավորում են միմյանց՝ ակնկալիքով, որ դեռ սերունդներ են աշխատելու Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում։

Հայկ Մագոյան