Հասարակություն

Նոր կարգավորումներ էլեկտրոնային առևտրի բնագավառում

Գործող քաղաքացիական օրենսգիրքը որոշակիորեն կարգավորում է էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ հարցերը, սակայն կարգավորումները հնացած են:

Նախագծերով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի և ընդհանրապես էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի:

Միևնույն ժամանակ, նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է նա մտնում պայմանագիր կնքելիս և ինչ պայմանների է համաձայնվում: Սպառողների իրավունքներն առավել լավ պաշտպանելու համար հստակ երաշխիքներ են նախատեսվում պայմանագրերի կնքման դեպքում: Նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» լրամշակված նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի խոսքով վերը նշված պայմանագիրն ու դրա պայմանները կազմվում են տնտեսվարողի կողմից: Սպառողը կա'մ միանում է այդ պայմանագրին, կա'մ հրաժարվում է այն կնքելուց և հնարավորություն չունի բանակցել կամ պայմանները փոփոխել:

«Սույն նախագիծը սահմանում է կարգավորումներ, որոնք կպաշտպանեն սպառողի շահերը»,- ընդգծել է Արդարադատության նախարարը:

Ինչ վերաբերում է հավելվածի միջոցով պայմանագիր կնքելիս որևէ պայմանի համաձայնելուն, նախարարը նշել է, որ հավելվածում էջն ուղղակի թերթելու փոխարեն տնտեսվարողը հնարավորություն կունենա հավելյալ կոճակ սեղմելու միջոցով հստակ պատկերացում կազմել, թե ինչ պայմանների է համաձայնում: Ինչպես նաև, եթե հավելվածների միջոցով կնքված պայմանագրերում որևէ պայման փոփոխության է ենթարկվում, քաղաքացին նախապես ողջամիտ ժամկետում ծանուցում է ստանալու:

Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջին ընթերցումից հետո ներկայացրել է գրավոր առաջարկներ, ըստ որոնց` կատարվել են որոշ խմբագրական փոփոխություններ: