Հասարակություն

Բժշկական կազմակերպություններն ու դեղատները ժամանակին համընթաց վերափոխելու են կարողությունները

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Առողջապահության նախարարությունն առաջարկում է լիցենզավորել դեղատնային, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման գործունեությունը ոչ թե անժամկետ, ինչպես հիմա է, այլ՝ հինգ տարով։

«Այս նախագծով առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիան ու դեղատնային լիցենզիաները դարձնել ժամկետային, որպեսզի վստահ լինենք, որ բժշկական կազմակերպություններն ու դեղատները ժամանակին համընթաց վերափոխում են իրենց կարողությունները և որակյալ ծառայություններ մատուցելու համար ունենում ենթակառուցվածքներ, նկարագրված պրոցեսներ և, իհարկե, բժշկական տեխնիկա»,- մանրամասնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նախարարի՝ փոխվել է նաև համակարգին անցնելու վերջնաժամկետը՝ վեց ամիսը կերկարաձգվի մինչև մեկ տարի. «Դրված է անցումային տարբերակված մոտեցում, սկսել ենք Երևանի հիվանդանոցային օղակից, որ, ըստ ռիսկայնության, հասցնենք իրականացնել»։