Հասարակություն

Մեկնարկել են Սևան-Լճափ 13,2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Այս տարվա մարտ ամսից մեկնարկել և ընթանում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի Սևան-Լճափ 13,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 277 միլիոն դրամ, որը հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ 
Ծրագրով նախատեսվում է առանձին հատվածներում իրականացնել ճանապարհի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի կառուցման, առանձին հատվածներում՝ գոյություն ունեցող ասֆալտբետոնյա ծածկի ֆրեզման և երկշերտ ասֆալտբետոնյա նոր ծածկի տեղադրման աշխատանքներ։ 

Նախատեսվում է իրականացնել նաև ջրահեռացման համակարգի կառուցման, ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։ 
Մայիսի 12-ի դրությամբ իրականացվել են գոյություն ունեցող ջրթող խողովակների մաքրման և բետոնապատման, ջրահեռացման առուների ակոսահանման աշխատանքներ, արդեն սկսվել են ֆրեզման և ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքները։ 

Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 98200 քառակուսի մետր։ Ֆրեզված հումքն անվճար տրամադրվում է Գավառ և Սեւան համայնքների բնակավայրերին՝ հանրային նշանակության հիմնարկներ տանող կամ երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով։ Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված է ավարտի հասցնել 2023 թվականի ընթացքում։