Հասարակություն

Անակնկալ ցուցմունքներ Սերժ Սարգսյանի գործով

Անակնկալ ցուցմունքներ Սերժ Սարգսյանի գործով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարել է, թե նախկին նախագահի գործով դատական նիստին տեղի ունեցածն անակնկալ էր․ «Բացահայտվեց, որ Սերգո Կարապետյանը խնդրել է իր ենթականերին... Նաև ցույց տվեցինք, որ Գևորգ Հարությունյանի՝ այս ցուցմունքը տալու հաջորդ օրը հանգուցյալ Սամվել Գալստյանն էլ է նույն ցուցմունքը տառացի կրկնել։

Այսինքն, այսօր դատական նիստի ընթացքում հիմնավորվեց Սերգո Կարապետյանի ցուցմունքների՝ ոչ ճշմարտացի, մտացածին, սուտ և զրպարտիչ լինելը։

Ափսոսում եմ, որ այսօր Սերգո Կարապետյանն ու Սամվել Գալստյանը չեն կարող այս դատական նիստին մասնակցել, մահացել են։ Վստահ եմ, որ այդ ցուցմունքներն առերես կպնդվեր ամբաստանյալ Գևորգ Հարությունյանի կողմից»։

Տեղեկացնենք, որ այսօր դատական նիստին ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը հայտարարել է. «Սերգո Կարապետյանը զանգեց, ասաց՝ երկար չեմ կարող խոսել, ես նմանատիպ ցուցմունք եմ տվել, որ նախագահն է ասել, պայմանավորվածություն կա, որ պետք է գործը կարճվի, գումար վերականգնվի, դու էլ ասա, որ սուտ դուրս չգամ, ու գործը չերկարի»։

Մակինյանի խոսքով՝ այդ գործում ոչ թե հանցակազմ չկա, այլ ընդհանրապես հանցագործության դեպքն է բացակայում։ Նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրող ցուցմունքներ էին տվել գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը՝ նախաքննության մի որոշակի փուլում։

«Գևորգ Հարությունյանն այսօր պարզաբանումներ ներկայացրեց այդ ցուցմունքը տալու իրական պատճառների, խնդրանքի մասին, որ իրեն ասել են՝ գնացեք, այդպիսի ցուցմունք տվեք նախագահի դեմ, քանի որ Սերգո Կարապետյանը նշել է՝ ես այդպես եմ ցուցմունք տվել, որովհետև գործը կարճվելու է։ Ինչպես Գևորգ Հարությունյանը  նշեց՝ խաբելով ու մոլորվելով է այդ ցուցմունքը տվել։ Ոչ մի ցուցմունք չմնաց, քանի որ մենք ցույց տվեցինք, որ Սամվել Գալստյանն այդ նույն մեղադրող, ոչ արժանահավատ, կեղծ ցուցմունքը տվել է Գևորգ Հարությունյանի ցուցմունքից անմիջապես հետո։ Գևորգ Հարությունյանը նշեց՝ հաշվի առնելով իր, Սերգո Կարապետյանի և Սամվել Գալստյանի  հարաբերությունները, կարծում է, որ նույն խնդրանքով Սերգո Կարապետյանը դիմել է նաև Սամվել Գալստյանին»,- ասել է պաշտպանը։

Հիշեցնենք՝ ըստ մեղադրական եզրակացության՝ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզվառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489.160.310 դրամ: Նախկին նախագահը մեղադրվում է այդ յուրացմանն աջակցելու մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական