Հասարակություն

«Զինծառայողները ստացել են բեկորային վնասվածքներ». Անահիտ Ավանեսյան

«Այս պահին չորս վիրավոր կա, երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար»,- հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈւ սադրանքին։

Ավանեսյանի խոսքով՝ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք դեռ Երևան չեն տեղափոխվել. «Եթե կարիք լինի, նոր կտեղափոխվեն»,- ասել է նա։ Ըստ Ավանեսյանի՝ զինծառայողները ստացել են բեկորային վնասվածքներ։

Նախարարն անդրադարձել է նաև վիրավորներ տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ կրակոցներին. «Որևէ կերպ չի կարելի արդարացնել նման ագրեսիան։ Շտապօգնության մեքենաները և բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանդիսանում են հատուկ օբյեկտներ, և նրանց թիրախավորելը որևէ ձևով ընդունելի չէ»։